Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը կողմ քվեարկեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությանը: Քվեարկությանը մասնակցած 62 պատգամավորները կողմ են քվեարկել:
Արթուր Սարգսյանին մեղադրանք կառաջադրեն ահաբեկչություն նախապատրաստելու, իշխանությունը զավթելու հոդվածներով: Ըստ գլխավոր դատախազի՝ պատգամավորը մեղադրվում է հարվածային խմբերում ցուցարարներ հավաքագրելու համար: Ազատությունից զրկելու հիմքերից մեկն էլ, ըստ գլխավոր դատախազի, այն էր, որ Սարգսյանը կարող է փախուստի դիմել:
Սակայն մինչև իշխող խմբակցության քվեարկությունը ընդդիմադիր պատգամավորը որդու ու թիմակիցների հետ Քննչական կոմիտեի մոտ էր, սպասում էր իրավապահների գործնական քայլերին:
«Սրբազան պայքարի» աջակիցների տներում խուզարկություններ եղան, նույն խուզարկությունները եղան մեր տունը, արդեն երկու շաբաթ անցել ա, եթե ես փախուստի դիմեի, ՍԷԿՏ-ս բաց ա, տոմսի փող ունեի, կարայի տոմսս առնեի և գնայի: Կալանքի հիմքը, որ ես կփախնեմ, անհիմն է»,-Քննչականի մոտ լրագրողներին ասաց Արթուր Սարգսյանը: