Ուկրաինայի երկրորդ խոշոր քաղաք Խարկովում ռուսական անօդաչու թռչող սարքի գիշերային հարձակման արդյունքում վիրավորվել է առնվազն 20 մարդ, որոնց թվում՝ առնվազն երեք երեխա։ Վնասվել են բնակարաններ և մանկապարտեզ, հաղորդում են ուկրաինացի պաշտոնյաները:
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել բազմահարկ բնակելի շենքում։
Խարկովի մարզպետ Օլեգ Սինեգուբովը նշել է, որ մեծ թվով վիրավորներ գրանցվել են Շևչենկոյի շրջանում։ Նրա խոսքով՝ արտակարգ ծառայություններն աշխատում են դեպքի վայրում։
Հարձակման ամբողջական մասշտաբը դեռ պարզ չէ։ Մոսկվան դեռևս չի մեկնաբանել այն։ Երկու կողմերն էլ հերքում են քաղաքացիական բնակչության թիրախավորումը, սակայն պատերազմի հետևանքով զոհվել են հազարավոր խաղաղ բնակիչներ, որոնց գերակշիռ մասը՝ ուկրաինացիներ։
Your browser doesn’t support HTML5
Հարվածներ Խարկովի բնակելի շենքին
Մեկ այլ հարձակում կիրակի կեսօրին տեղի է ունեցել Ուկրաինայի հյուսիսարևելքում գտնվող Սումիի շրջանում՝ երկու քաղաքացի զոհվել են, ևս երկուսը՝ վիրավորվել։ Ըստ Ուկրաինայի պետական արտակարգ ծառայության՝ վնասվել է մոտ 20 շինություն։
Գիշերային հարձակումներ են գրանցվել նաև Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում՝ վնասելով մի քանի շենքեր և ավտոմեքենաներ 10 վարչական շրջաններից 3-ում։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ տուժածներ չկան: