«Փոփոխությունները շարունակվելու են». Երևանի շուրջ 10 կենտրոնական փողոցում երթևեկությունը փոխվել է

Փոփոխությունները շարունակվելու են, այսօրվա նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետն՝ անդրադառնալով կենտրոնում աստիճանաբար միակողմանի դարձվող որոշ փողոցներին ու ավտոբուսների համար առանձնացված գծերին: Տիգրան Ավինյանի խոսքով՝ այդ փոփոխությունների համար առավել հարմար սեզոնը ամռան ամիսներն են:

«Ամառային սեզոնը շատ հարմար է երթևեկության փոփոխություններ կատարելու տեսանկյունից, որովհետև քիչ թե շատ բեռնվածությունը շատ մեծ չէ», - նշեց քաղաքապետը:

Մայրաքաղաքի շուրջ տասը կենտրոնական փողոցներում երթևեկությունը փոխվել է: Այսօրվա նիստում դրանք հերթով թվարկվեցին: Դրանցից բացի առաջիկայում Սարյան փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի՝ Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան ուղղությամբ։

Բոլոր այս փոփոխությունների նպատակն, ըստ Ավինյանի՝ հանրային տրանսպորտի աշխատանքի բարելավումն է, բայց գիտի, որ ավտոբուսներին առավելություն տալը նշանակում է խնդիրներ ստեղծել մասնավոր մեքենաների տեղաշարժի համար:

«Կարծում եմ՝ մենք նաև այդտեղ ունենք որոշակի գործիքակազմ, որով կարողանում ենք երթևեկությունը փոքր-փոքր, դժվարություններով փոխելով նաև ավտոմեքենաների հոսքն անդադար, այսպես ասած, առանց կանգնելու դարձնել», - ասաց Ավինյանը:

Ըստ այդ փոփոխությունների, օրինակ՝ Մաշտոցի պողոտայում տրանսպորտի համար առանձնացված գիծը կերկարաձգվի՝ անցնելով Խորենացի, Բեյրութի, Իտալիայի և Արգիշտի փողոցներով՝ հասնելով մինչև Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղություններով։ Խորենացիում արգելվել է կայանումը՝ երկկողմանի ավտոբուսային երթևեկությունն ապահովելու նպատակով։ Փոփոխություններ են կատարվել նաև Արգիշտի ու Գրիգոր Լուսավորիչ փողոցներում:

Մեզ հանդիպած ավտոմեքենաների վարորդները դժգոհ էին՝ ինչո՞ւ իրենք պետք է ավտոբուսների պատճառով, օրինակ՝ 20 րոպեի ճանապարհը շուրջ 40 րոպեում գնան, ավտոբուսից օգտվողներն էլ ասում են՝ աշխատանքից ուշանում են, կողմ են, որ ավտոբուսներին առավելություն տրվի:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը համաձայն է, որ Երևանն էլ գնա եվրոպական շատ զարգացած երկրների ճանապարհով ու կարգավորի երթևեկությունը, բայց ընդգծում է. - «Ամբողջ աշխարհում դեպի բակերում կայանման մուտքերը բացում են, ամբողջ Կենտրոնը փակոցներով փակված է, որոշակի ժամային գրաֆիկ սահմանի, որ էս ժամից էս ժամը թույլատրվում է տարածքի ոչ բնակիչները բակերի հատվածում կայանեն: Իսկ ավտոբուսի առանձնացված երթուղին... ամբողջ աշխարհում ավտոբուսի հետ հավասարեցված երթուղով երթևեկում են նաև տաքսիները, որը Հայաստանում չկա»:

Առհասարակ, ըստ «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության ղեկավարի, Երևանում փոփոխությունները միանգամից պետք է արվեն, հակառակ դեպքում երթևեկությունը ամնե օր ավելի ու ավելի է քաոսի վերածվում: Կանխատեսում է՝ ինչ կլինի երբ սեպտեմբերին հենց դասերը սկսվեն. - «Քաղաքապետարանի դիմացի Արգիշտի փողոցը նեղացնել մի երթևեկելի գոտի թողնել սովորական տրանսպորտին ու մի երթևեկելի գոտին էլ ավտոբուսների համար աշխատացնել, կարծում եմ, դա անտրամաբանական մոտեցում է: Հիմա եթե այդտեղ խցանված է, դասերը սկսելուն զուգահեռ ավելի է ծանրաբեռնվելու այդ հատվածը ու գնալով ավելի շատ է խցանվելու»:

Քաղաքապետը նշեց, որ Երևանը քայլ առ քայլ ձևավորում է այնպիսի երթևեկություն, որն առավելություն կտա հասարակական տրանսպորտին՝ չնայած, ինչպես ձևակերպեց, «մասնավոր ավտոմեքենաների համար որոշ անհարմարություններին»: