Իսրայելը հարվածել է հութիների թիրախներին Եմենի նավահանգիստներում և էլեկտրակայանում

Նավահանգիստ Եմենում, արխիվ

Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի երեք նավահանգիստներին ու էլեկտրակայանին, երկուշաբթի վաղ առավոտյան հաղորդել է Իսրայելի բանակը՝ նշելով, որ սա վերջին մեկ ամսում Իսրայելի առաջին հարձակումն է Եմենի տարածքում։

Բանակի հաղորդմամբ՝ այդ գործողությունները պատասխան են հութիների՝ Իսրայելի վրա կրկնվող հարձակումներին։

Հարվածներից մի քանի ժամ անց Իսրայելի բանակը հայտնել է, որ Եմենի տարածքից երկու հրթիռ է արձակվել, և կատարվել են փորձեր դրանք խոցելու, սակայն դրանց արդյունքները դեռ ուսումնասիրվում են։

Իսրայելի շտապօգնության ծառայությունը հայտարարել է, որ հրթիռների արձակման հետևանքով վնասների կամ զոհերի վերաբերյալ ահազանգեր չեն ստացել։

2023 թ. հոկտեմբերին Գազայի պատերազմն սկսվելուց ի վեր Իրանի դաշնակից հութիները հրթիռային և դրոնային հարձակումներ են իրականացնում թե՛ Իսրայելի, և թե՛ Կարմիր ծովի ուղղությամբ՝ ի նշան համերաշխության պաղեստինցիների հետ։ Այդ գործողությունները զգալիորեն խաթարել են միջազգային բեռնափոխադրումները։ Իսրայելը բազմաթիվ պատասխան հարվածներ է հասցրել։