ԲԴԽ-ն նկատողություն հայտարարեց դատավոր Մասիս Մելքոնյանին

Դատավոր Մասիս Մելքոնյանը ԲԴԽ նիստի ժամանակ, Երևան, 8-ը հուլիսի, 2025թ.

Բարձրագույն դատական խորհուրդը նկատողություն հայտարարեց դատավոր Մասիս Մելքոնյանին: Այս դատավորը հայտնի է մի շարք քաղաքական հնչերանգ ունեցող գործերով կալանքի որոշումներով։

Երևանի քրեական դատարանի դատավոր Մելքոնյանի որոշմամբ կալանավորվել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը, վարչապետ Փաշինյանի միջնորդությամբ Ազգային հերոսի կոչմանն արժանացած գեներալ Տիրան Խաչատրյանը։ Նրա վերջին որոշումներով էլ բոլորին վերջերս կալանավորվեցին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Արդյոք իշխանությունը ցանկանում է առավել խիստ վերահսկողություն սահմանել նույնիսկ իրեն «հաճո» դատավորների նկատմամբ։ Բարձրագույն դատական խորհրդի այսօրվա որոշումից հետո շենքից արագ դուրս եկող Մելքոնյանը հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել։

Քաղաքական համարվող գործերով կալանավորման որոշումներով հայտնի Մելքոնյանը մինչև դատավոր նշանակվելը եղել է «Հանրապետություն» կուսակցության անդամ։ Նա դատավոր է դարձել իրավունքի ուժով, այսինքն՝ նախագահը ենթադրաբար առարկություն է ունեցել և չի ստորագրել նրան դատավոր նշանակելու հրամանագիրը։

Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովն էր այսօրվա նկատողության նախաձեռնողը։ Ըստ հանձնաժողովի՝ Մելքոնյանը իր վարույթում քննվող գործերից մեկով ցուցմունք տալուց առաջ մեղադրյալին չի պարզաբանել իրավունքները, հարցաքննվող անձին չի տեղեկացրել նրա լռելու իրավունքի մասին։ Ավելին՝ մեղադրյալի հարցաքննության հիման վրա նոր վկայի է հարցաքննել։

Երեկ քննության ժամանակ Մելքոնյանն ընդունել է սխալը, բայց՝ ներկայացնելով այն որպես շփոթմունք։ Իսկ այն պահից, երբ հասկացել է, որ սխալվել է, շտկել է իրավիճակը և մեղադրյալին նախազգուշացրել սուտ ցուցմունք տալու համար նախատեսված պատասխանատվության մասին:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԲԴԽ-ն նկատողություն հայտարարեց դատավոր Մասիս ՄելքոնյանինՇիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց, սահմանափակվել են նրա շփումները Միքայել արքեպիսկոպոսի կալանքի միջնորդությունը կքննի դատավոր Մասիս Մելքոնյանը Բագրատ արքեպիսկոպոսն ու նրա 14 համախոհները՝ ճաղերից այն կողմ