Ամիսների քննությունից հետո Քննչականը մեղադրանք է առաջադրել արցախցի Տիգրան Ուլուբաբյանին՝ պնդելով՝ նա է օժանդակել Վանաձորում բնակվող իր բարեկամուհու տան վրա հարձակմանը: Մինչդեռ արդեն քանի օր ճաղերից այն կողմ գտնվող 29-ամյա տղամարդը շարունակում է պնդել՝ կապ չունի այդ հանցագործության հետ:
«Տուժողը նույնիսկ հերքում է, որ՝ ինքը չի կարա լինի, իրա հետ էլ կապված դեռ որևիցե բան չկա, որ տուժողը պնդի կամ իրա դեմ ցուցմունք տա: Չի ընդունում մեղադրանքը, խափանման միջոցը կալանավորումն է այս պահին ընտրված», - ասաց փաստաբան Տիգրան Մկոյանը:
Փաստաբան Տիգրան Մկոյանն է ստանձնել արցախցի երիտասարդի պաշտպանությունը: Ասում է՝ Քննչականը որոշել է ամենախիստ խափանման միջոցն առաջարկել դատարանին, քանի որ կասկածներ ունի, որ ազատության մեջ արցախցի երիտասարդը կթաքնվի նախաքննությունից. - «Հիմքերը երեքն էր գրել, որ կդիմի փախուստի, նոր արարք կկատարի, կխոչընդոտի, դատարանը երկու հիմքն է արձանագրել, որ կթաքնվի ու կխոչընդոտի գործի քննությանը»:
Հանրային պաշտպանը կալանավորման որոշումը կբողոքարկի:
Արցախցի երիտասարդին վերագրվող այս դեպքը հանրության ուշադրությունը գրավեց ամիսներներ առաջ՝ մարտին, երբ Արցախի հայաթափումից հետո Վանաձորում հաստատված երիտասարդն ահազանգեց ոստիկանության Լոռու մարզային վարչությունում իրեն խոշտանգելու մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախցի երիտասարդը պնդում է՝ ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են կիրառել, ստիպել խոստովանական ցուցմունք տալԱրդարության պահանջով Քննչական կոմիտեի շենքի առջև բողոքի ակցիաներից հետո Քննչականը խոշտանգելու հոդվածով քրեական գործ էր հարուցել, Տիգրանին առերեսել մարզայինի պետ Խորեն Բարխոյանի և նրա ստորադասի հետ: Հենց Բարխոյանին էր Տիգրանը մատնացույց արել որպես իրեն ստորացնելու, խոշտանգելու կազմակերպչի:
Բարխոյանը Տիգրանի հետ առերեսման ժամանակ հերքել էր ոչ միայն նրան ծեծելու մեղադրանքները, այլև հենց Տիգրանի առնչությունը ավազակային հարձակմանը. - «Ես իրա հետ օպերատիվ հարցում եմ անցկացրել, որպեսզի հասկանամ՝ ինչքանո՞վ ա իրա մասնակցությունը, եթե վստահ լինեի, որ ինքը մասնակցություն ունի դրան, [...] կտայի քննչական մարմնին, կձերբակալեի կտայի Քննչականին»:
Ի՞նչ փոխվեց անցած այս ամիսներին
Ի՞նչ փոխվեց անցած այս ամիսներին, Քննչականը չի մեկնաբանում: Հաղորդագրության մեջ միայն շվում է, որ մարտին երկու անձ ապօրինի մուտք է գործել Վանաձորի բնակարաններից մեկը, ատրճանակները պահել են կնոջ և նրա երեխայի ուղղությամբ, ապա զենքի սպառնալիքով պահանջել են ոսկյա զարդեր և գումար: Երիտասարդ կինն էլ նրանց է փոխանցել ոսկյա զարդերը:
Ըստ Քննչականի՝ իրենց քննիչների ու ոստիկանների համատեղ աշխատանքների արդյունքում ձեռք են բերվել տվյալներ, որ հենց Տիգրան Ուլուբաբյանն է օժանդակել ավազակային հարձակմանը:
Միևնույն ժամանակ, Քննչական կոմիտեն ոստիկանների կողմից արցախցուն խոշտանգելու գործում որևէ արդյունք չի արձանագրել: Թեև կասկածյալներին ամիսներ առաջ է մատնանշել Տիգրանը, բայց որևէ մեղադրյալ չկա, բարձրաստիճան ոստիկանն ու նրա 6 ստորադասները շարունակում են աշխատանքի գնալ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոչ մի մեղադրյալ ոստիկան. արցախցի Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգելու գործը դոփում է տեղումՔննչականն իր հաղորդագրության մեջ նաև հիշեցնում է, թե ինչպես էր Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանը քննչականի շենքի առջև բողոքի ակցիաներ կազմակերպում՝ նեկայացնելով, թե երիտասարդը ավազակային հարձակում չի արել:
Երիցյանն այսօր հերքելով Քննչականին՝ հիշեցրեց, որ ակցիաները նրան խոշտանգելու դեմ էին, ինքն էլ խոշտանգման գործով նրա փաստաբանն է միայն: Երիցյանը Ֆեյսբուքի իր գրառմամբ նաև հորդորեց հրապարակումների փոխարեն բացահայտել երիտասարդին խոշտանգողներին:
Խոշտանգման գործերը դոփում են տեղում
Սա առաջին խոշտանգման գործը չէ, որ դոփում է տեղում: Փաստաբաններն ու իրավապաշտպանները բազմիցս են քննադատում իրավապահներին խտրական վերաբերմունքի համար, երբ կասկածյալների շրջանակում ոստիկաններն են:
Օրինակ՝ ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանը մեկ տարի առաջ էր հայտարարել բռնության մասին: Ձերբակալությունից հետո Քննչականի ճանապարհին, երբ ոստիկանների հսկողության տակ էր, ծեծի էր ենթարկվել անհայտ անձանց կողմից: Ըստ ակտիվիստի՝ ոստիկաններն այդ ժամանակ իրեն մենակ էին թողել մեքենայում: Այս գործը դոփում է տեղում: Նույնը՝ դաշնակցական պատգամավոր Աշոտ Սիմոնյանի դեպքում:
Նրան էլ անցած գարնանը խմբով կարմիրբերատավորներն էին օրը ցերեկով ծեծել:
Ըստ Քննչականի վիճակագրության՝ եթե 2022 թվականին ստացել են խոշտանգման դեպքի մասին 210 ահազանգ, ապա 2023-ին՝ 261, 2024-ին՝ 330, իսկ միայն այս տարվա երեք ամիսներին՝ արդեն 57 ահազանգ: Սակայն մի քանի հարյուր ահազանգերի դեպքում դատարան են ուղարկվել մի քանի գործեր: Օրինակ՝ 2024 թվականին ստացած 330 ահազանգերից որպես խոշտանգում առանձնացրել են 8-ը: