Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ընտրություններին հետևող ամենահայտնի կազմակերպությունը դադարեցնում է աշխատանքը


Ռուսաստան - "Голос"-ի համանախագահ Գրիգորի Մելքոնյանցը դատարանում, Մոսկվա, 14-ը մայիսի, 2025թ.
Ռուսաստան - "Голос"-ի համանախագահ Գրիգորի Մելքոնյանցը դատարանում, Մոսկվա, 14-ը մայիսի, 2025թ.

Ռուսաստանյան ընտրություններին հետևող "Голос" («Գոլոս») իրավապաշտպան կազմակերպությունը 25 տարվա գործունեությունից հետո հայտարարել է լուծարվելու մասին։ Մինչ այդ՝ անցած մայիսին, դատարանը հինգ տարվա ազատազրկման էր դատապարտել "Голос"-ի համանախագահ Գրիգորի Մելքոնյանցին՝ Ռուսաստանում անցանկալի կազմակերպության գործունեությունը կազմակերպելու համար։

«Սա պատմության ավարտն է, որը, ըստ դատարանի, տևել է 25 տարի», - հայտարարել է "Голос"-ը` հավելելով. - «Ցավոք, Գրիգորի Մելքոնյանցի քրեական գործով դատարանի վճռի պատճառով մենք այլևս չենք կարող մեր աշխատանքը շարունակել»։

"Голос"-ը Ռուսաստանի ամենահայտնի կազմակերպությունն էր, որը դիտարկում էր ընտրությունները և բարձրաձայնում ընտրական օրենսդրության խախտումների մասին։ Այն ստեղծվել էր 2000 թվականին որպես "Голос" ասոցիացիա, իսկ 2013 թվականից գործում էր որպես հասարակական շարժում։

Մելքոնյանցի գործընկերների խոսքով՝ դատարանի որոշումն այլընտրանք չի թողնում, քանի որ դրանով այլևս քրեական հետապնդում է սպառնում ոչ միայն "Голос"-ի աշխատակիցներին, այլև այն մարդկանց, որոնք պարզապես խորհրդատվություն և իրավաբանական օգնություն են խնդրել։

«Ցտեսություն», - ասված է "Голос"-ի հայտարարության մեջ։

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը սկսելուց հետո "Голос"-ի շատ աշխատակիցներ լքեցին երկիրը, սակայն կազմակերպությունը շարունակեց հետևել ընտրություններին՝ հրապարակելով իր կողմից հայտնաբերված խախտումները։

Մելքոնյանցը մնաց Ռուսաստանում։ 2023 թվականի օգոստոսի 18-ին Մոսկվայի Բասմանի դատարանը նրան ձերբակալեց և ուղարկեց նախնական կալանքի կենտրոն։ Դատարանը նրան դատապարտեց միայն 2025-ի մայիսին՝ հինգ տարով ուղարկելով ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութ։

Մելքոնյանցի քրեական գործի հարուցման պատճառը նրա համագործակցությունն էր Ընտրությունների մոնիթորինգի եվրոպական կազմակերպությունների ցանցի (ENEMO) հետ, որը 2021-ին Ռուսաստանում անցանկալի էր ճանաչվել։

Մելքոնյանցն իրեն մեղավոր չի համարում։ Նա հայտարարել է, որ "Голос"-ը դադարեցրել է համագործակցությունը ENEMO-ի հետ, երբ այն հայտարարվել է անցանկալի կազմակերպություն։

«Դատարանը երբևէ չի ներկայացրել "Голос"-ի կողմից իրականացվող անօրինական գործունեության որևէ ապացույց, առավել ևս՝ Ռուսաստանի Դաշնության և նրա քաղաքացիների շահերին հասցված որևէ վնասի վերաբերյալ ապացույց», - ասվում է շարժման հայտարարության մեջ, - «Ընդհակառակը, այս գործունեությունը խորապես հայրենասիրական էր, քանի որ կապված էր Ռուսաստանի քաղաքացիների իրական ինքնիշխանության պաշտպանության՝ պետության կառավարմանը մասնակցելու նրանց իրավունքի հետ»։

Անցյալ շաբաթ՝ նախքան դատավճռի ուժի մեջ մտնելը, Մելքոնյանցին Մոսկվայի СИЗО-1-ից տեղափոխել են անհայտ վայր, հայտնել է նրա փաստաբանը։

Դատավարության ժամանակ ի պաշտպանություն Մելքոնյանցի ելույթ են ունեցել հայտնի լրագրողներ, քաղաքագետներ և փորձագետներ։

"Голос"-ի ամենահայտնի նախագծերից մեկը «Խախտումների քարտեզն» էր, որի օգնությամբ ընտրողները կարող էին հաղորդել քվեարկության ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին։

Ռուսաստանում "Голос"-ը երկու անգամ՝ 2013 և 2021 թվականներին, հայտարարվել է «օտարերկրյա գործակալ»։ Իր հայտարարության մեջ շարժումը Ռուսաստանում գտնվողներին խորհուրդ է տալիս վերահրապարակումներ չանել "Голос" շարժման կայքերից կամ սոցիալական ցանցերից։

«Եթե նման վերահրապարակումներ արվել են ավելի վաղ, խորհուրդ ենք տալիս ջնջել դրանք, որպեսզի իրավապահ մարմինները պատճառ չունենան ձեզ պատասխանատվության ենթարկելու՝ անցանկալի կազմակերպության նյութեր տարածելու համար», - խորհուրդ է տալիս կազմակերպությունը։ Բոլոր տարածաշրջանային մասնաճյուղերն ու նախագծերը կփակվեն, այդ թվում՝ խախտումների քարտեզները։



XS
SM
MD
LG