«Հայաստանի էլեկտրական ցանցերում» մի քանի ժամ տևած քննչական գործողություններից հետո նախաքննական մարմինն օրվա ավարտին հայտնեց, թե կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանության երթին մարդկանց հարկադրաբար տանելու և գումարով շահագրգռելու դեպքեր են բացահայտել: ՀԷՑ-ում այսօրվա խուզարկությունները, կոմիտեի փոխանցմամբ, այս գործի շրջանակում էին:
«Շուրջ 2 տասնյակ հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են նախաքննության համար նշանակություն ունեցող տարբեր իրեր ու առարկաներ, այդ թվում՝ գումարի վերաբերյալ նշումներով անվանացուցակներ, գումար», - նշված է հաղորդագրությունում:
Այս գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել, բայց ՀԷՑ- տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը մեղադրյալների թվում չէ: Էլեկտրական ցանցերում խուզարկություններից հետո Կարապետյանը հայտնել էր՝ իր աշխատասենյակից մոտ երեք տասնյակ փաստաթուղթ են առգրավել:
ՀԷՑ մտնելուց առաջ իրավապահները նաև Կարապետյանի տունն էին խուզարկել:
Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի եղբոր որդին տեղի ունեցողին կարճ անդրադարձավ. - «Ինչից ուզեն կարան խոսան, այսինքն, մենք հասկանում ենք, որ ամեն ինչ ծրագրավորած ինչ-որ պրոցես են ուզում սկսեն, դեռ չեն կարում կպնեն նորմալ, բայց պրոցես են սկսել մասսայական ճնշումների: Կուզեի ասել, որ Հայաստանում էլ կալանավորումից ոչ մեկը չի վախենում, ինչքան ուզում են, թող կալանավորեն, ձերբակալեն: Հայաստանում այս պահին ավելի մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինել»:
Մինչ քննչականը կհայտներ, Նարեկ Կարապետյանն արդեն ենթադրում էր՝ թե՛ ՀԷՑ-ում, թե՛ իր տանը տեղի ունեցած խուզարկություննները կապ ունեն անցած ուրբաթ օրվա երթի հետ: ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն այսօր պնդեց՝ ընկերության որևէ աշխատակցի որևէ մեկը չի ստիպել մասնակցել երթի:
«ՀԷՑ-ի հետ կապված էդպիսի խնդիր չի եղել, եթե չեմ սխալվում մի ձայնագրություն է եղել, մենք չենք էլ զբաղվել՝ հաշվի առնելով, որ իրավապահ մարմինները կզբաղվեն: Ինչպես հայտարարել էի՝ որևիցե ուղղորդում չի եղել և չի լինելու», - ասաց Ղազինյանը:
Քրեական գործի առիթ դարձած երթից երկու օր առաջ վարչապետ Փաշինյանը զգուշացրել էր՝ ՀԷՑ-ի այն աշխատակիցները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից, իսկ նրանք ովքեր աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն։
Այսօր ՀԷՑ-ում գործողությունների ընթացքում Քննչական կոմիտեն մի հաղորդագրություն էլ տարածեց, թե քննում են նաև մի շարք ընկերությունների փաստացի ղեկավարների կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, փողերի լվացման, հարկերից խուսափելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթ։ Այս մի վարույթի շրջանակում էլ 51 հասցեներում, այդ թվում նաև ՀԷՑ-ում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ։
Նարեկ Կարապետյանն այս վարույթի մասին միայն ասաց. - «Վստահ չեմ, որ 51-ն էլ «Տաշիր» ընկերությունների խմբի ընկերություններ են, ինձ թվում է դրա նշանակալի մասն ուրիշ ընկերություններ են, ուղղակի իրենք էն ընկերություններին, որոնց համարում են խմբի անդամ, փորձում են ինչ-որ ձև աշխատակազմին ճնշման ենթարկել, բայց հնարավոր է, որ այդ ընկերություններից շատերը չլինեն խմբի անդամ: Ես ունեմ ինֆորմացիա, որ կան ընկերություններ, որոնք փորձում են ենթարկել ինչ-որ քաղաքական ճնշումների, սակայն այդ ընկերությունները մեզ հետ կապ չունեն»:
Այս մի գործի շրջանակում արդեն հայտնի է, որ 11 մարդու մեղադրանք է առաջադրվել, որոնցից 5-ը արդեն կալանավորված են, 1-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, 1-ի նկատմամբ ձերբակալություն, 4 հոգու նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Անցած շաբաթ նաև Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակն էին խուզարկել ու չորս հոգու կալանավորել՝ փողերի լվացման մեղադրանքով:
«Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, հետո նաև նրա ընկերությունները հայտնվեցին իրավապահների ուշադրության կենտրոնում, երբ Կարապետյանը եկեղեցուն պաշտպանող հայտարարություն արեց: Դրանից հետո նրան կալանավորեցին իշխանությունը զավթելու կոչ հնչեցնելու համար, մոտ երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանի իշխող մեծամասնությունն ընդունեց նաև օրենք, որով ՀԷՑ-ի կառավարումը կարող է անցնել կառավարությանը: